Թեհրանում ուսանողները գլխաշոր կրելու պարտադրանքի դեմ բողոքի ակցիա են իրականացրել
Թեհրանի համալսարանի հարյուրավոր ուսանողներ երկրում պարտադիր հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիա են անցկացրել, գրում է nytimes.com-ը:
Ուսանողները «մենք ընտրության իրավունք ունենք» և «մահը գերադասելի է ստորացումից» գրություններով պաստառներ են ծածանել:
Չնայած անվտանգության ուժերի կողմից ձեռք առնված միջոցների՝ բարեփոխումների կողմնակից և պահպանողական ուսանողների միջև բախումներ են տեղի ունեցել: Պահպանողական ուսանողները փորձել են խանգարել ակցիայի իրականացմանը՝ կոչ անելով մասնակիցներին լքել համալսարանը:
Հայտնի է, որ Իրանում օրենքը պարտադրում է բոլոր կանանց հանրության առաջ գլխաշոր կրել: Օրենքը խախտողներին 2 ամսվա ազատազրկում կամ տուգանք է սպառնում: