Անկախ այս դատավարության ելքից, այն մեր պատմության մեծագույն դատավարությունն է. Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՍԱ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է...
Այսօր սկսվում է մարտի 1-ի գործով դատավարությունը:
Այս քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեն Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Նրանք մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար:
Սա բացառիկ դատավարություն է Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, ավելին, կարծեք թե իր նախադեպը չունի նաև հետխորհրդային տարածքում:
Անկախ այս դատավարության ելքից, այն մեր պատմության մեծագույն դատավարությունն է, պատկերավոր ասած` ՛«պետության արժանապատվության և ժողովրդի իշխանության վերականգնման դատավարությունը»:
Բազմաթիվ առիթներ ունեցել եմ՝ նշելու, որ այս դատավարությունն իսկական քննություն է լինելու Հայաստանի դատական համակարգի համար, իսկական փորձություն:
Անկեղծ ասած, ինքս ոգևորված չեմ Հայաստանի դատական համակարգի կայացվածությամբ ու արդարադատություն իրականացնելու որակով, ավելին, գտնում եմ, որ թեկուզև այս գործով կան բազմաթիվ իրավական խնդիրներ, այդուհանդերձ, ինձ համար, որպես Հայաստանի քաղաքացու, ակնհայտ է մի բան. Այս դատավարությունով ես ցանկանում եմ ստանալ այն հարցերի պատասխանը, որ այլևս երբեք որևէ իշխանության մտքով չանցնի սեփական իշխանությունը պահպանելու համար օգտագործել պետության զինված ուժերը, որ այլևս երբեք որևէ մեկի մտքով չանցնի, որ հնարավոր է կրակել ու սպանել սեփական ժողովրդին, որ այլևս երբեք որևէ մեկի մտքով չանցնի, որ հնարավոր է զավթել իշխանությունը, օգտագործել այն՝ իր ու մերձավոր շրջապատի համար բարիքներ ստեղծելու համար ու մնալ անպատիժ, որ այլևս որևէ իշխանություն իր ականջին օղ անի, որ կաշանդված է մարդու իրավունքներով, և մարդը Հայաստանում բարձրագույն արժեք է…»: