Ֆրանսիայի հարավում ավանդական կորիդային նվիրված տոնախմբության ժամանակ ցուլը հարձակվել է մարդկանց վրա. վիրավորվել է վեց մարդ
Կիրակի Ֆրանսիայի հարավում ավանդական կորիդային նվիրված տոնախմբության ժամանակ ցուլը հարձակվել է մարդկանց վրա. վիրավորվել է վեց մարդ՝ ներառյալ երկու ոստիկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով France Bleu ռադիոկայանին:
Երբ ցուլին ուղղորդել են բեռնատարից դեպի հատուկ վայրը, որտեղ նա պահվում է նախքան կորիդան, նա դուրս է պրծել ու հարձակվել մոտակայքում գտնվող մարդկանց վրա:
Ցլամարտերի դեմ բողոքի ցույցի կապակցությամբ դեպքի վայրում կային նաեւ ոստիկաններ: Նրանք անմիջապես միջամտել են իրավիճակին ու կրակել ցուլի ուղղությամբ: Երկու ոստիկան ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ կենդանին սպանվել է: Վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոց:
Հարձակումից հետո ցլամարտը չեղարկվել է: Դեպքի առիթով սկսվել է հետաքննություն՝ միտումնավոր կերպով մարմնական վնասվածքներ հասցնելու եւ զենք կիրառելու հատկանիշներով: