Մոսկվան իր կողմից կշարունակի ակտիվորեն աջակցել Երևանին և Բաքվին՝ «փոխզիջումային լուծումներ գտնելու» հարցում
ՌԴ ԱԳ նախարարությունը մեկնաբանություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին Բիշքեկյան արձանագրության՝ ուժի մեջ մտնելու 25-ամյակի առթիվ: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:
«ԼՂ հակամարտության կարգավորումը բարդ գործընթաց է: Այն անկումներ ու թռիչքներ է ունենում: Հակամարտության կարգավորման բոլոր առանցքային հարցերում ընդհանուր հայտարարի գալու համար ժամանակ է պահանջվում և հակամարտության մասնակիցների քաղաքական կամքը:
Մենք տեսնում ենք կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքը՝ ուղղված կայուն խաղաղության ձեռքբերմանը: Այս մասին են, մասնավորապես, վկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում վերջերս կայացած հանդիպման և Մոսկվայում երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքները»,- ասված է հայտարարության մեջ:
ՌԴ արտաքին գերատեսչությունը նաև նշել է, որ Մոսկվան իր կողմից կշարունակի ակտիվորեն աջակցել Երևանին և Բաքվին՝ «փոխզիջումային լուծումներ գտնելու» հարցում, իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ, կշարունակի ձեռնարկել հետևողական միջնորդական ջանքեր: