Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցություններում բոլոր պարտավորություններից
150 էջանոց առեւտրային համաձայնագրին կցված նամակով դիվանագիտական առաքումը Պեկինից հասել է Վաշինգտոն եւ կարող է զրոյի հավասարեցնել աշխարհի երկու խոշորագույն տերությունների բազմամսյա բանակցությունները՝ հայտնում է Reuters-ը՝ հիմնվելով ԱՄՆ երեք կառավարական եւ երեք մասնավոր աղբյուրների վրա։
Աղբյուրների խոսքերով, փաստաթուղթը լի է Չինաստանի կողմից փոփոխություններով, որոնք հակասում են ԱՄՆ-ի հիմնական պահանջներին։
Առեւտրային համաձայնագրի նախագծի յոթ գլուխներից յուրաքանչյուրում Չինաստանը հրաժարվում է հիմնական պահանջները կարգավորելու նպատակով օրենսդրությունը փոխելու պարտավորություններից, որոնց պատճառով ԱՄՆ-ը սկսել է առեւտրային պատերազմը՝ ամերիկյան մտավոր սեփականության եւ կոմերցիոն գաղտնիքի գողություն, տեխնոլոգիաների ստիպողաբար փոխանցում, մրցակցություն, ֆինանսական ծառայություններին հասանելիություն, արտարժույթի մանիպուլյացիաներ։
Սպիտակ տան, ԱՄՆ առեւտրային ներկայացուցչության եւ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունները չեն պատասխանել մեկնաբանությունների հայցերին։
Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Գեն Շուանը ճեպազրույցում ասել է, որ առեւտրային հարցերում տարաձայնությունների հաղթահարումը «բանակցությունների գործընթաց է», եւ որ Չինաստանը «չի խուսափում խնդիրներից»։