ԱՄՆ-ն Հայաստանին լրացուցիչ 7.4 մլն դոլար կտրամադրի
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 8-ին
ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ
Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր
հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի թիվ 12 փոփոխությամբ
տարբերակը։
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի կառավարության կողմից՝ ՀՀ տնտեսական
զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԱՄՆ կառավարության
կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանյան
գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով
փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին։
ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 12 փոփոխության նախագծով նախատեսվում է
լրացուցիչ 7,449,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների
իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության,
զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի
ֆինանսավորմանը:
Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը, նաև ԱՄՆ
Միջազգային զարգացման գործակալությանը հայ ժողովրդին գործուն աջակցություն
ցուցաբերելու համար` Տիգրան Խաչատրյանը մասնավորապես ասել է․ «Մեզ համար
արդեն երկար տարիների լավ ավանդույթ է դարձել, որ ԱՄՆ կառավարությունը
բազմաթիվ աջակցության ծրագրերով իր նպաստն է բերում հատկապես փոքր և միջին
բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ ուղղություններին, և այս մեկ լրացուցիչ
հնարավորությունը, որն ընձեռվեց Հայաստանի կառավարությանը, բացառություն
չէ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ խորհրդակցելով` մենք
խնդրելու ենք, որ աջակցությունն ուղղվի զբոսաշրջության զարգացմանը,
գյուղատնտեսությանը, ընդհանրապես փոքր բիզնեսին, որը համարում ենք, որ
ամենամեծ ներառական աճի հնարավորություն է ընձեռում տնտեսության զարգացման և
մեր ժողովրդի համար»։ Նախարարը նաև հավելել է, որ այս նպատակաուղղված
հասցեական համագործակցությունը դեռ շատ օգուտներ է բերելու։
ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս
Սոկոլովսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Խաչատրյանին
ջերմ ընդունելության համար, նշելով, որ ուրախ է լինել Հայաստանում այս նոր
ձևաչափով համագործակցությունը շարունակելու համար։ Ալեքս Սոկոլովսկու
խոսքերով, ՄԶԳ-ն ամեն կերպ օգնում է գործընկեր երկրներին, որպեսզի իրենք
զարգացնեն իրենց կարողությունները, իրենց սեփական ուժերին ապավինելու
կարողությունները։ «Այս նպատակի համար անհրաժեշտ է, որ մենք սերտորեն
համագործակցենք մեր գործընկերների հետ և, ի վերջո, գանք մի այնպիսի
իրավիճակի, երբ մեր աջակցության կարիքը նրանք այլևս չեն զգա։ Առաջիկա
ժամանակահատվածում մենք տեսնում ենք լավ և շատ հնարավորություններ, որտեղ
մենք կարող ենք աջակից լինել ձեր նպատակների իրագործման համար։ Մենք ուրախ
ենք տեսնել, թե մեր այս շարունակական համագործակցությունը ինչպես է
ապահովելու հետագա ընթացքը և զարգացումը», – ասել է Ալեքս Սոկոլովսկին։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ
Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր
հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը կնքվել է 2010թ.
օգոստոսի 6-ին՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման
համար ԱՄՆ կառավարության կողմից ԱՄՆ ՄԶԳ միջոցով Հայաստանի կառավարությանը օժանդակություն տրամադրելու նպատակով։
2010-2018թթ. ընթացքում մշակվել և ստորագրվել են Համաձայնագրի թիվ 1-ից
մինչև 11 փոփոխությունները, որոնք կատարվել են ԱՄՆ կողմից լրացուցիչ
ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով։ Ֆինանսական հատկացումներն իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների համար:
ԱՄՆ կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 73,255,406,36 ԱՄՆ դոլար:
Թիվ 12 փոփոխությամբ Համաձայնագրի ստորագրումից հետո, ԱՄՆ կողմից
տրամադրվող դրամաշնորհների ընդհանուր գումարը կկազմի 80,704,406.36 ԱՄՆ
դոլար: Կերկարաձգվի նաև Համաձայնագրի իրականացման ժամկետը՝ 2020 թվականի
սեպտեմբերի 30-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 30-ը։