Իրանի միջուկային զենքը նախևառաջ սպառնում է Եվրոպային. Ջոզեֆ Բորել
Անհրաժեշտ է խուսափել Իրանի՝ Համատեղ գործողությունների ծրագրից վերջնականապես դուրս գալուց, քանի որ Իրանի միջուկային զենքը նախևառաջ սպառնում է Եվրոպային: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Բորելը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին տեղեկացրել է իր որոշման մասին` «դադարեցնել որոշակի պարտավորություններ» միջուկային ծրագրի մասին համաձայնագրի համաձայն: Իրանի նախագահ Հասան Ռոհանին նաև ասել է, որ բանակցությունների համար 60 օր է տալիս եվրոպական երկրներին:
Դեռ 2018 թվականի մայիսի 8-ին Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ Իրանի հետ ունեցած միջուկային համաձայնագրից դուրս է գալիս և վերականգնում բոլոր պատժամիջոցների Իրանի դեմ: Վաշինգտոնը հայտարարել է, որ իր նպատակն է իրանական նավթի արտահանումը զրոյացնել և հորդորել գնորդներին հրաժարվել նման գնումներից: