Վանդալների կողմից վնասված Փարիզի Հաղթական կամարը վերականգնվել է
«Դեղին ժիլետների» ակցիաների ժամանակ վանդալների կողմից վնասված Փարիզի Հաղթական կամարը վերականգնել են հինգ ամսվա ընթացքում, ֆրանսիական BFMTV հեռուստաալիքին հղում կատարելով՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախկինում հայտնել էին, որ 2018-ի դեկտեմբերին Փարիզի գլխավոր հուշարձաններից մեկը՝ Հաղթական կամարը հայտնվել էր «Դեղին ժիլետների» կողմից իրականացվող բողոքի ակցիաների կենտրոնում։ Հանցագործները հուշարձանին տարբեր գրառումներ էին կատարել, այդ թվում՝ նախագահ Մակրոնի հրաժարականը պահանջող։ Վանդալները զգալի վնաս էին հասցրել Հաղթական կամարի թանգարանի ցուցասրահներին, ջարդել էին մի շարք արձաններ։ Այդ անկարգություններից հետո հուշարձանը փակ էր այցելուների համար։
Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ վերականգնողական աշխատանքերն իրականացրել են վեց մասնագետներ։ Վերականգնման ենթակա ամենաբարդ օբյեկտներից մեկը եղել է Մարսելյեզի («Հայրենիքի ոգի») արձանը, քանի որ այն բաժանվել է մի քանի մասերի։
Նշվում է, որ մայիսի 8-ին Կամարի մոտ կայանալու է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված տոնախմբություն և անհայտ զինվորին հարգանքի տուրք մատուցելու արարողություն։
Վկայակոչելով Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերին՝ հեռուստաալիքը նշում է, որ Հաղթական կամարի վերականգնողական աշխատանքերի վրա ծախսվել է առնվազն 1,2 մլն եվրո։