Մենք հաղթել ենք պատերազմում, սակայն պարտվել ենք դիվանագիտական ճակատում. մենք չպետք է նայենք թշնամուն. Արկադի Տեր-Թադևոսյան
Հայաստանի եւ Արցախի մեջ ռազմավարական դաշինքը կա, այդ դաշինքը պետք է ամրապնդել։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը։
«Մենք հաղթել ենք պատերազմում, սակայն պարտվել ենք դիվանագիտական ճակատում։ Մենք չպետք է նայենք թշնամուն, մենք այնքան հարցեր ունենք, մենք պետք է նայենք՝ որտեղ ենք սխալվել։ Մենք պետք է այնպիսի քայլեր անենք, որոնք մեզ թույլ կտան ուժեղանալ»,- նշեց նա։
Արկադի Տեր-Թադեւոսյանը կարծում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմ չի ուզում, միայն սպառնում է դրանով․ «Ալիեւը նստած է նավթադոլարների վրա, նրան պետք չի պատերազմ, նա պետք է ասի՝ պատերազմ, որ մեզ վախեցնի։ Կռիվը Հայաստանն ու Ադրբեջանը չեն անում, կողքերից են»։
Կոմանդոսի համար ընդունելի չէ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու թեզը, քանի որ «թուրքերի հիմնական նպատակը հայերին բնաջնջելն է»։
Հարձակողական մարտավարության եւ «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզի մասին խոսելով՝ Արկադի Տեր-Թադեւոսյանն ասաց, որ այն ինչ հայտարարել է պաշտպանության նախարարը, ճիշտ է, բայց այդ հայտարարությունը պետք է աներ ոչ թե ինքը, այլ երկրի ղեկավարը։
Նրա խոսքով՝ ինքն արդեն 10 տարի է՝ ասում է, որ պետք է հարվածել թշնամուն։
«Ադրբեջանը նավթի բոչկայի վրա է նստած, մենք ունենք նրան խփելու ու վառելու հնարավորությունը»,– ասաց Տեր–Թադեւոսյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ լուծում է ուզում, նա պատասխանեց. «Ժողովուրդը խաղաղություն է ուզում, պարզապես մենք լավ հարեւաններ չունենք»։
Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին, Կոմանդոսը նշեց, որ պայմանավորվածություններ են եղել, որոնք Ադրբեջանը շարունակում է խախտել։
«Ինքը գնաց խոսեց, չէ՞, ասաց՝ կրակել չի լինի, իրար հետ շատ լավ ժպտացին։ Կռիվը կա՞, կրակո՞ւմ են։ Հայաստանն ասում է այն, ինչ ուզում է, իսկ Ադրբեջանն ասում է, բայց իր խոսքը չի պահում»,– եզրափակեց Արկադի Տեր–Թադեւոսյանը։