Իմ որդիների ժողովուրդ. Հրանտ Մաթևոսյան
Մի քիչ ավելի ծարավի լինել քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել' ինչքան մենք ենք ապավինում և հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա... ապա' երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար,- և դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջև ինչպես է դառնում աշխարհիս ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար' և ի՜նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականների իսկապես դառը ժամանակից' իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա և ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք' և տես, թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու' իմ որդիների ժողովուրդը: