Ամենայն Հայոց կաթողիկոսը Կրետեի արքեպիսկոպոսի հետ քննարկել է երկու ժողովուրդների բարեկամության հարցեր
Կրետե (Հունաստան) հովվապետական այցի երրորդ օրը` մայիսի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Կրետեի Հույն Ուղղափառ Եկեղեցու Արքեպիսկոպոսարան, ուր հանդիպել է Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Կրետեի նահանգապետ Ստավրոս Առնաուտակիսը:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Իրենեոս Արքեպիսկոպոսը, մեծ սիրով և հարգանքով ողջունելով Ամենայն Հայոց Հայրապետին, ընդգծել է, որ Նորին Սրբության այցն արդեն անջնջելիորեն արձանագրվել է Կրետեի պատմության մեջ: Արքեպիսկոպոսը հաստատել է, որ պատմական այս այցելությունը, լինելով առաջին այցը ոչ միայն Կրետե, այլև Հունաստան, պայծառացրել է տոնախմբությունը հայկական եկեղեցու 350-ամյակի, որը Եվրոպայում հնագույն հայկական եկեղեցիներից է:
Իր խոսքում Նորին Սրբազնությունը վերահաստատել է, որ Վեհափառի ներկայությունը ուրախության աղբյուր է և շնորհ ոչ միայն հայ համայնքի, այլև Կրետեի ողջ ժողովրդի համար, ապա անդրադարձ կատարել Եկեղեցիների առաքելությանը:
Իր բարեմաղթանքներն ուղղելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` Արքեպիսկոպոսը Նորին Սրբությանն ընծայել է իր երջանկահիշատակ նախորդի ասան, սրբապատկեր և գրքեր Կրետեի հոգևոր կյանքի և սրբազան ժառանգության մասին:
Խոսելով երկու ժողովուրդների պատմական առնչակցությունների և ընդհանրությունների մասին` Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ պատմության ընթացքում նրանք կիսել են ոչ միայն ուրախություններն ու հաջողությունները, այլև ցավն ու տառապանքը, նաև շարունակում են կրել իրենց սրտին ցեղասպանության չսպիացող վերքը: Պատմական արդարության վերականգնման գործում Նորին Սրբությունը կարևորել է ջանքերի մեկտեղումը, միմյանց զորակցելը հանուն երկու ժողովուրդների իղձերի և երազների իրականացման:
Հանդիպման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրենեոս Արքեպիսկոպոսին ընծայել է Աստվածամոր սրբապատկեր և պանակե:
Կրետեի նահանգապետը ևս ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Կրետե` վերահաստատելով, որ Կրետեի ժողովուրդը հայ համայնքի հետ մեկ ամբողջություն է և միասին աշխատում են մեկ նպատակի` ավելի լավ ու բարօր կյանքի համար:
Ջերմ զրույցից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսի ուղեկցությամբ այցելեց Հերակլիոնի Սուրբ Մինաս մայր տաճար, ապա Սուրբ Կատարինե պատմական տաճար-թանգարան:
Նույն օրը երկու հովվապետերը հոգևորականաց և Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցու վարչության անդամների ուղեկցությամբ այցելել են Կրետեի հնագույն վանքերից Էպանոսիֆի վանքը, ուր տաճարում մոմավառությունից հետո Վեհափառ Հայրապետին ներկայացվել է վանաբնակների առօրյան ու գործունեությունը: