ԱՄՆ-ն առևտրի պատճառով տարեկան միլիարդների կորուստ է ունենում. այլևս չենք պատրաստվում այսպես շարունակել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս Չինաստանի և այլ երկրների հետ առևտրում միլիարդավոր դոլարներ չի կորցնի:
«Արդեն երկար տարիներ է, ինչ ԱՄՆ-ն առևտրի պատճառով տարեկան 600-800 մլրդ դոլարի կորուստ է ունենում, Չինաստանի հետ առևտրի դեպքում կորուստը 500 մլրդ դոլար է կազմում: Ներեցեք, բայց մենք այլևս չենք պատրաստվում այսպես շարունակել»,- գրել է նախագահը թվիթերյան իր էջում:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը բազմիցս դժգոհել է Չինաստանի հետ առևտրում եղած հսկայական դեֆիցիտից: 2018թ.-ի սեպտեմբերի 24-ից ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 10% մաքաատուրք վճարելու օրենքը, ընդ որում՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը 200 մլրդ դոլար է գնահատվում:
Չինաստանի իշխանությունները նույն կերպ էին պատասխանել ԱՄՆ-ի նման քայլին՝ այդ երկրից Չինաստան ներմուշվող ապրանքների մաքսատուրքերը 5%-ից 10% դարձնելով: