«Շերեմետևո»-ի ավիաաղետի զոհերի ընտանիքներին ու տուժածներին դրամական փոխհատուցում կտրվի
ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտնել է, որ Շերեմետևոյի աղետի հետևանքով զոհվածների ու տուժած քաղաքացիների հարազատները փոխհատուցում կստանան ապահովագրական ընկերություններից, շրջանների ղեկավարներից և «Աերոֆլոտ» ընկերությունից: Այս մասին հաղորդում է meduza.io-ն:
Դիտրիխն ասել է, որ զոհերի, այդ թվում՝ մահացած բորտուղեկցորդի ընտանիքները, նախնական առաջարկի համաձայն, կարող են «Աերոֆլոտ»-ից ստանալ մինչև 5 մլն ռուբլի:
Մերձմոսկվայի շրջանի իշխանությունները պատրաստվում են երկուական միլիոն ռուբլի վճարել այս շրջանի զոհված բնակիչների ընտանիքներին, մեկական միլիոն ռուբլի՝ մյուս զոհերի ընտանիքներին: Բոլոր շրջանների տուժած բնակիչները կստանան 500 000-ական ռուբլի:
Մուրմանսկի և Մոսկվայի իշխանությունները պատրաստվում են իրենց շրջանների զոհված բնակիչների հարազատներին մեկական միլիոն ռուբլի վճարել, իսկ տուժած քաղաքացիներին՝ 500 հազարական ռուբլի: Բացի այդ, հնարավոր է՝ այլ շրջաններ ևս փոխհատուցում տան: Այդ շրջանների անունները, սակայն Դիտրիխը չի բացահայտել: