«Հարկավոր է խստացնել հակառուսական պատժամիջոցները՝ ընդհուպ ռուսաստանցիների մուտքի լիակատար արգելք Միացյալ Նահանգներ». Ջեյմս Ստավրիդիս
ԱՄՆ բանակի ծովակալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը կոչ է արել խստացնել հակառուսական պատժամիջոցները՝ ընդհուպ ռուսաստանցիների մուտքի լիակատար արգելք Միացյալ Նահանգներ:
Ստավրիդիսը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության ընթացքում հաստատվել է Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ ընտրություններին: Իր գլխավոր ապացույցը նա կառուցում է «Ռուսական միջամտություն» գործի շուրջ.
«Անկասկած, ռուսները անմիջական հարված են հասցրել մեր դեմոկրատական համակարգի սրտին, անկասկած, մենք դրան քիչ բանով ենք պատասխանել, բացի մի քանի սիմվոլիկ ժեստից:
Կոչ եմ անում պատժամիջոցներ սահմանել ոչ միայն ռուսական բիզնեսի, այլև մշակութային, մարզական, դիվանագիտական պատվիրակությունների դեմ»:
Ստավրիդիսը նաև առաջարկել է ԱՄՆ մուտքի արգելք սահմանել ՌԴ քաղաքացիների նկատմամբ՝ անկախ նրանց այցի նպատակից: