«Քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացումը հնարավոր է իրականացնել արդեն գործող բյուջեի շրջանակներում». Հայկ Հովհաննիսյան
Երևանի ավագանու անդամ Հայկ Հովհաննիսյանը իր Facebook-ի էջում գրել է.
«Ամենը՝ քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման մասին.
Նախ նշենք, որ աշխատավարձերի առաջիկա հնարավոր բարձրացումները չեն կատարվելու «հարկատուներից» լրացուցիչ տուրքեր ու վճարներ գանձելու միջոցով կամ լրացուցիչ այլ միջոցներ ներգրավելու հաշվին:
Աշխատավարձերի բարձրացումը հնարավոր է իրականացնել արդեն գործող բյուջեի շրջանակներում՝ պարգևատրման ֆոնդի և աշխատավարձային ֆոնդի բյուջետային հոդվածներում վերաբաշխում կատարելու միջոցով, որի արդյունքում մոտ 1’700 համայնքային աշխատող մայիսի 1-ից կարող է ունենալ միջինում 30% աշխատավարձի բարձրացում:
Առավել մանրամասն ստորև.
Ըստ 2019թ. գործող բյուջեի. Աշխատավարձ և հավելավճար՝ 5’722’026 հազ. դր. Պարգևավճար և խրախուսում՝ 1’991’438 հազ. դր. Համաձայն բյուջեում առաջարկվող փոփոխությունների՝ Աշխատավարձ և հավելավճար՝ +1’299’958 հազ. դր. Պարգևավճար և խրախուսումներ՝ -1’247’965 հազ. դր. Արդեն բաշխված պարգևավճարները հաշվի առնելով՝ փաստացի բյուջեում դեռևս առկա կլինի մոտ 330’000 հազ. դրամ, որը մինչև տարվա վերջ կարող է բաշխվել աշխատողների միջև՝ ըստ կատարողական արդյունքների»: