Պենտագոնը մտադիր է վերջնականապես հանել Թուրքիան ռմբակոծիչների ստեղծման ծրագրից
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է Թուրքիան վերջնականապես հանել ամերիկյան նորագույն F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու պատճառով։ Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիկ Շենահենը, զրույցի սղագրությունը տարածել է Պենտագոնը, տեղեկացնում է Life-ը։ Շենահենը տեղեկացրել է ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի եւ United Technologies ընկերության ղեկավարության հետ հանդիպման մասին, որպեսզի քննարկեն Թուրքիան F-35-ի հետագա ծրագրից բացառելու հարցը։
«Եթե մենք չենք կարող գտնել ստեղծված իրավիճակի ելքը, այդժամ մենք պետք է իրականացնենք մեր պլանները դրանք առաջ մղելու տեսակետից»,- պարզաբանել է նա։
Նախարարի պաշտոնակատարը նաեւ ընդգծել է, որ իրեն հարկավոր են պլաններ առանց թույլ տեղի, «որոնց ձախողման վտանգը գրեթե զրո է», որպեսզի F-35-ներն անխափան հասնեն մյուս պատվիրատուներին։
Նրա խոսքով՝ կորպորացիայի ղեկավարի հետ հանդիպումը ցույց է տվել, թե որտեղ է ռիսկն ավելի մեծ։ Հիմա նա հայտարարել է «այդ ռիսկը նվազեցնելու որոշում ընդունելու» անհրաժեշտության մասին։
«Բայց եւ միեւնույն ժամանակ մենք բանակցություններ ենք վարում Թուրքիայի հետ»,- հավելել է Շենահենը։
Նա նաեւ հիշեցրել է, որ Թուրքիան «մնում է ԱՄՆ ռազմավարական գործընկերը»։ Նրա կարծիքով՝ այժմ երկրների միջեւ հարաբերություններն ավելի լավ են, քան մի քանի ամիս առաջ։ Շենահենը պարզաբանել է, որ ռուսական Ս-400-ների եւ ամերիկյան F-35-ների միաժամանակյա օգտագործումը տեխնիկապես անհնար է եւ Ռուսաստանից ԶՀՀ-ներ գնելը կհանգեցնի Թուրքիան F-35-ի ծրագրից բացառելուն։