ԱՄՆ-ը ՉԹՕ-ի մասին տեղեկության հավաքման և վերլուծության նոր կանոններ է պատրաստել
ԱՄՆ ՌԾՈւ-ն նոր
կանոններ է մշակել, որոնք կանոնակարգում են չճանաչված թռչող օբյեկտների
մասին տեղեկատվության հավաքումն ու վերլուծությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝
հղում կատարելով The Washington Post-ին։
Նրա վկայությամբ՝ կանոնները, որոնք վերաբերում են ամերիկյան ՌԾՈւ
օդաչուներին, չեն հրապարակվելու։ ՌԾՈւ շտաբում այդ որոշումը հիմնավորել են
ԱՄՆ ռազմական գործողությունների մասին տեղեկությունները գաղտնի պահելու
անհրաժեշտությամբ, որոնց ընթացքում կարող են տեղի ունենալ շփումներ
ենթադրյալ ՉԹՕ-ների հետ։ Հնարավոր «սպառնալիքների» մասին
հաշվետվությունները միշտ դիտարկվում են որպես «արտոնյալ տեղեկատվություն»,
նշել է ՌԾՈւ շտաբի պետի տեղակալի պաշտոնական ներկայացուցիչ Ջո Գրեդշիրը։
«Ավելին, ցանկացած զեկույց այս ուղղությամբ կներառի գաղտնի տեղեկատվություն
ռազմական գործողությունների մասին, ընդգծել է Գրեդշիրը։- Հետևաբար, լայն
հանրությանը տեղեկատվության տրամադրում (այս դեպքում) չի սպասվում»։
2017 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Պենտագոնում ավելի վաղ գործում
էր «անոմալ աերոտիեզերական սպառնալիքների» մասին տվյալների հավաքման եւ
ուսումնասիրման ծրագիր։ 2007-2012 թվականներին դրան հատկացվել է 22 մլն
դոլար։ Սկզբում ծրագրի համար պատասխանատու էր ԱՄՆ պաշտպանության
նախարարության հետախուզական վարչությունը։ Ծրագրի նախաձեռնողը Գերի Ռիդն
էր, որն այդ ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի դեմոկրատական մեծամասնության
ղեկավարն էր։
Ծրագրի ղեկավարն էր ամերիկյան ռազմական հետախուզության կադրային
աշխատակից Լուիս Էլիսոնդոն, որը 2017-ին հրաժարական տվեց։ Նրա խոսքով՝ նա
այդ քայլին դիմել է Պենտագոնի ղեկավարության անլուրջ վերաբերմունքի
պատճառով։
Այն բանից հետո, երբ ծրագրի գոյության մասին տեղեկությունը հայտնվեց
մամուլում, ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հրապարակեց մի շարք տեսանյութեր,
որոնցում երեւում են ամերիկյան ռազմական օդաչուների շփումները ենթադրյալ
ՉԹՕ-ների հետ։ Կոնգրեսում ասել են, որ ոչ մի սենսացիոն տվյալ ծրագիրը չի
տվել։