Թուրքիան ԱՄՆ-ից Patriot ԶՀՀ-ների «ավելի դրական» առաջարկ է ստացել
Թուրքիայի
պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային
«ավելի դրական» առաջարկ է արել Patriot զենիթահրթիռային համալիրների
հնարավոր գնման վերաբերյալ, քան ներկայացնում էր Վաշինգտոնը մինչ այդ,
տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«ԱՄՆ առաջարկը Patriot-ների վերաբերյալ, որոնք մենք ստացել ենք մարտին,
ավելի դրական է մեզ համար եւ պարունակում է կետեր, որոնց մասին մենք խոսում
էինք սկզբում։ Մենք պատրաստվում ենք ոչ միայն գնել, այլեւ արտադրել
սեփական ՀՕՊ համակարգեր»,- ասել է նախարարը NTV հեռուստաալիքի եթերում։
Փետրվարին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել էր, որ ԱՄՆ-ը չի կարող
կատարել Անկարայի երկու հիմնական պայմանը Patriot-ների գնման հարցում՝
վարկ տրամադրելու եւ համատեղ արտադրության։ Ապրիլին Թուրքիայի
պաշտպանության նախարարն ասել էր, որ Անկարան ԱՄՆ-ից նոր առաջարկ է ստացել
Patriot-ների մատակարարման մասին, իսկ թուրքական ԱԳՆ-ում հետագայում ճշտել
էին, որ Անկարան շարունակում է բանակցություններն ԱՄՆ-ի հետ այդ
համալիրների հնարավոր գնման շուրջ։
2017-ին կնքված պայմանագիրը Թուրքիայի Ս-400-ների մատակարարման մասին
Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական անհամաձայնությունների պատճառ
դարձավ, որն իր թուրք դաշնակիցներից պահանջում է հրաժարվել ռուսական
համալիրներից հօգուտ ամերիկյան Patriot ԶՀՀ-ների։ Թուրքիայի
իշխանություններն այս հարցում ամուր դիրքորոշում են որդեգրել եւ չեն
նախատեսում հրաժարվել Ս-400-ներից անգամ Patriot գնելու պարագայում։ Այս
թեմաները, պետության ղեկավարի աշխատակազմի կարծիքով, «միմյանց հետ կապ
չունեն»։