ԱՄՆ-ն մտադիր է մինչև տարեվերջ անցկացնել հիպերձայնային զենքի նախատիպի փորձարկումներ
ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտությունների ծրագրերի վարչությունը (DARPA) մտադիր է մինչեւ տարեվերջ անցկացնել երկու հիպերձայնային բլոկի նախատիպերի փորձարկումներ՝ սավառնող եւ օդահրթիռային: Այս մասին լրագրողներին ասել է DARPA-ի տնօրեն Սթիվեն Ուոքերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մտադիր ենք երկու [նախատիպերի] թռիչքային փորձարկումներն իրականացնել մինչեւ օրացուցային տարվա վերջ»,- նշել է նա:
Ընդ որում՝ Ուոքերը կայուն երաշխիքներ չի տվել՝ նշելով նման կարգի ժամկետները «տեղափոխվելու սովորություն ունեն»: Թռիչքները կարող են հետաձգել մի շարք խոչընդոտներ, շեշտել է DARPA-ի ղեկավարը: Ներկայումս երկու համակարգն էլ պատրաստ լինելու նախնական փուլերում են:
Ուոքերի խոսքով՝ նաեւ հավանական է, որ փորձարկումներն անցկացվեն 2020 թվականի սկզբին, սակայն նա ավելի վաղ ժամկետի հույս է հայտնել: Ուոքերն ընդգծել է, որ երկու նախատիպերի վրա DARPA-ն աշխատում է 2012 թվականից՝ ԱՄՆ ՌՕՈՒ-ի հետ միասին: Ուոքերի պարզաբանմամբ՝ սավառնող բլոկը կարող է արձակվել հրթիռի միջոցով:
«Խոսքը երկու միանգամայն տարբեր կոնցեպցիաների մասին է, սակայն երբ մենք խոսում են հիպերձայնային տեխնոլոգիաների մասին, լավ է ունենալ այն, ինչը ես անվանում եմ կանխամտածված ավելցուկ, որովհետեւ սա նյութերի եւ շարժիչների պատրաստման բարդ տեխնոլոգիա է, որոնք աշխատում են Ֆարենհայտի 3 հազար ջերմաստիճանի պայմաններում»,- ասել է DARPA-ի տնօրենը:
Նա հավելել է, որ դեռեւս վստահ չէ, թե որ բլոկի փորձարկումն ավելի վաղ կանցկացվի: «Երկու բլոկների միջեւ իսկական մրցավազք է ընթանում, որը կորոշի, թե դրանցից որն առաջինը կլինի: Ըստ էության, փորձարկումները նախատեսված են գրեթե միաժամանակ: Ես հիմա չեմ կարող կանխատեսել, թե դրանցից որը կհաղթի»,- նշել է Ուոքերը:
Դրանից բացի, DARPA-ի ղեկավարը պնդել է, որ ԱՄՆ-ն «տեխնոլոգիական տեսակետից առաջատար դերակատարում է ունեցել հիպերձայնային» տեխնոլոգիաներում: «Կարծում եմ, որ մեր արժանավոր մրցակիցներից ոմանք այս տեխնոլոգիան վերցրել են ու վերածել պոտենցիալի, որն ավելի արագ է, քան մերը»,- ենթադրել է Ուոքերը:
Ի դեպ, օդահրթիռային բլոկի գործում DARPA-ին օգնում է Lockheed Martin ամերիկյան ռազմաարդյունաբերական կորպորացիան, իսկ սավառնող բլոկի (Tactical Boost Glide (TBG) գործում՝ նույնպես Lockheed Martin-ը՝ Raytheon կորպորացիայի աջակցությամբ:
TBG բլոկը կտեղակայվի հրթիռային արագացուցչի վրա, որը կարող է զարգացնել մինչեւ 5 Մախ արագություն կամ գրեթե 6,4 հազար կմ/ժամ: Դրանից հետո բլոկը հրթիռից կանջատվի, այն կարող է մինչեւ թիրախ թռիչքի ժամանակ մանեւրել առանց արագացման հնարավորության: