«Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը» նոր շենք կունենա
Կառավարության այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշվեց Գյումրիի Խրիմյան Հայրիկ փող. 19 հասցեում գտնվող 745.67 քմ մակերեսով 26,7 մլն դրամ սկզբնական արժեքով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.863004 հա հողամասը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ Շիրակի մարզպետը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ը 1988թ. երկրաշարժից հետո մինչ օրս գործել է Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի №47/6 հասցեում գտնվող ժամանակավոր կառույցում, որի տեղում այժմ «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսվում է կառուցել համերգասրահ:
Գրության մեջ նշվել է նաև, որ այս հիմնադրամի կողմից վերջին տարիներին վերակառուցվել են Գյումրու №21 դպրոցի մասնաշենքերը, կառուցվել են նաև նոր շենքեր «Արվեստների» և «Արհեստների» դպրոցների համար:
Ներկայացված խնդրին լուծում տալու, համերգասրահի կառուցման ծրագրի իրականացմանը նպաստելու, միաժամանակ նվագախմբի շենքային պայմանները բարելավելու նկատառումներից ելնելով, ՀՀ Շիրակի մարզպետը խնդրել է աջակցել Կոմիտեի տնօրինմանը հանձնված Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի №19 հասցեի շենքը անհատույց օգտագործման իրավունքով «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ին տրամադրելու հարցում։
Ներկայացված նախագծով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, ք.Գյումրի, Խրիմյան Հայրիկ փող. 19 հասցեում գտնվող 745.67 քառ.մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված 0.863004 հա հողամասը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։