ԱՄՆ-ի և «Թալիբանի» ներկայացուցիչները վերսկսել են բանակցությունները Կատարում
ԱՄՆ-ի եւ «Թալիբանի»
ներկայացուցիչները Կատարում վերսկսել են բանակցությունները՝ ուղղված
Աֆղանստանում 17-ամյա պատերազմի դադարեցմանը՝ հայտնում է Reuters-ը։
«Թալիբանը» հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Աֆղանստանում
խաղաղության հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադը հանդիպել է
թալիբների քաղաքական ղեկավարության, մոլլա Աբդուլ Հաքնի Բարադարի հետ։
Վերջինս գլխավորում է թալիբների պատվիրակությունը։
«Անցկացվեց խաղաղ լուծման շուրջ մտքերի փոխանակում»,- ասել է նրա ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջախիդը։
Բանակցությունները մի մասն են կազմում ամենաերկար պատերազմը
դադարեցնելու Դոնալդ Թրամփի ջանքերի, որոնք սկսվել են, երբ ԱՄՆ-ի կողմից
աջակցվող ուժերը տապալեցին թալիբներին 2001թ․ սեպտեմբերի 11-ից մի քանի
շաբաթ անց։
Հոկտեմբերից ԱՄՆ-ի եւ թալիբների պաշտոնատար անձինք բասնակցությունների
մի քանի փուլ են ացկացրել՝ ուղղված ԱՄՆ ուժերի անվտանգ դուրսբերման
ապահովմանը՝ թալիբներից երաշխիքների դեմ, որ Աֆղանստանը չի օգտագործվի
զինյալների կողմից՝ որպես մնացած աշխարհի դեմ հարթակ։
Ակնկալվում է, որ այս փուլում Խալիլզադը եւ նրա պատվիրակությունը
ուշադրությունը կկենտրոնացնեն կրակի դադարեցման հայտարարության վրա՝ որպես
մարտական գործողությունների կասեցմանն ուղղված առաջին քայլ՝ հայտարարել է
Քաբուլում արեւմտյան դիվանագետը։
Պաշտոնյան, որը սերտորեն համագործակցել է Խալիլզադի հետ, տեղեկացրել է,
որ, ինչպես սպասվում է, Խալիլզադը թալիբներին կոչ կանի երկխոսություն սկսել
Աֆղանստանի իշխանությունների հետ եւ քաղաքական լուծում գտնել, որպեսզի
վերջ դրվի պատերազմին։ Սակայն Մուջահիդն ասել է, որ աֆղանստանցի
ներկայացուցիչներին թույլ չեն տվել ներկա գտնվել բանակցություններին։ «Ոչ
մի ուրիշ կողմ, բացի ԱՄՆ ներկայացուցիչներից եւ թալիբներից, հանդիպմանը
չկա, բացի մի քանի կատարցի պաշտոնյաներից»,- ասել է նա։
Այս շաբաթ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին գումարել է մեծ ժողով՝ «Լոյա
ջիրգա», որը հազվադեպ բան է, որպեսզի ներկայացնի Քաբուլի պայմանները
թալիբների հետ խաղաղ բանակցություններում։ «Ջիրգան» զուտ խորհրդատվական
գործառույթ ունի, բայց այն նշանակություն ունի աֆղանական
քաղաքականությունում եւ հասարակությունում։
Թալիբները ցայժմ հրաժարվում են բանակցություններ վարել Քաբուլի հետ՝ աֆղանական կառավարությունն անվանելով «ԱՄՆ-ի խամաճիկ»։
Հանին կարծում է, որ «Լոյա ջիրգայի» անդամների կողմից աջակցությունը
կուժեղացնի նրա ձգտումը՝ ճանաչված լինել խաղաղ բանակցություններում որպես
Աֆղանստանի օրինական ներկայացուցիչ։
Միացյալ Նահանգները մոտ 14000 զինծառայող ունի Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի
ղեկավարության ներքո գործող առաքելության շրջանակում, որը հայտնի է որպես
«Վճռական աջակցություն» եւ որը զբաղվում է աֆղանական կառավարության
անվտանգության ուժերին օգնության ցուցաբերմամբ «Թալիբանի» զինյալների եւ
ծայրահեղական խմբավորումների (ինչպիսին են «Իսլամական պետությունը» եւ «Ալ
Քաիդան») դեմ նրանց պայքարում։
Ինտենսիվ մարտական գործողությունները դեռեւս շարունակվում են ամբողջ
երկրում, եւ այն ժամանակ, երբ թալիբները բանակցություններ են վարում, նրանք
հիմա վերահսկում են եւ ազդեցություն ունեն ավելի մեծ տարածքի հանդեպ, քան
երբեւէ 2001 թվականից սկսած։