Միլիոնավոր կուբացիներ փողոց են դուրս եկել ի նշան բողոքի ընդդեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների
Միլիոնավոր
կուբացիներ փողոց են դուրս եկել ի նշան բողոքի Կուբայի դեմ ԱՄՆ մտցրած նոր
պատժամիջոցների եւ Վենեսուելայում կառավարության տապալման Վաշինգտոնի
ջանքերի, տեղեկացնում է Reuters-ը։
«Մենք ուժեղ, ամուր եւ հեղափոխական պատասխան կտանք յանկիների
կայսրության հայտարարությանը, որը լի է սպառնալիքներով, սադրանքներով, ստով
եւ զրպարտությամբ»,- գրել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը Թվիթերում։
Ամենամյա երթերը, որոնք նվիրված են Աշխատավորի միջազգային օրվան, առաջին
հնարավորությունն են ընձեռել հրապարակավ ընդվզելու տարածաշրջանում
սոցիալիզմի վրա ԱՄՆ հարձակման դեմ, որի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի
ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը անցած տարվա վերջին։
Դրան հաջորդել են նոր պատժամիջոցներ Վենեսուելայի, Կուբայի եւ Նիկարագուայի
դեմ եւ հիմնական ապրանքների անբավարարությունը կղզում։
«Մենք դատապարտում ենք մանեւրները՝ ուղղված ձախ եւ առաջադեմ
կառավարության ապակայունացմանը, մանավանդ Վենեսուելայում եւ
Նիկարագուայում»,- ասվում է հայտարարությունում, որը կարդացվել է երթի
սկզբում Հավանայի Հեղափոխության պատմական հրապարակում։
Նախօրեին նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր «լիակատար էմբարգոյով» եւ
հավելյալ պատժամիջոցներով, եթե կուբայական զորքերը շարունակեն աջակցել
Վենեսուելայի կառավարությանը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
Նրա հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Բոլթոնը տեղեկացրել էր,
որ Վենեսուելայում եղել է ավելի քան 20000 կուբացի զինծառայող։
«Բոլթոնը պաթոլոգիական սուտասան է, որն ապատեղեկացնում է նախագահ
Թրամփին։ Վենեսուելայում կուբայական զորքեր կամ կուբացիներ չկան, որոնք
մասնակցում են ռազմական գործողություններին կամ անվտանգության
ապահովմանը»,- նախօրեին գրել է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը։