Թրամփը Կուբային սպառնացել է «բարձր մակարդակի» պատժամիջոցներով Վենեսուելային աջակցելու պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ
Թրամփը Կուբային սպառնացել է «ամենաբարձր մակարդակի» պատժամիջոցներով
Հավանայի կողմից Նիկոլաս Մադուրոյի գլխավորած Վենեսուելայի կառավարությանը
աջակցելու պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե կուբայական զորքերը եւ կազմավորումներն անմիջապես չդադարեցնեն
ռազմական եւ այլ գործողությունները, որոնք հանգեցնում են մահերի եւ
Վենեսուելայի սահմանադրության խափանմանը, Կուբայի դեմ կմտցվի ամբողջական եւ
բազմակողմանի էմբարգո՝ ամենաբարձր մակարդակի պատժամիջոցների հետ միասին:
Հույս ունեմ, որ կուբացի բոլոր զինվորները արագ եւ խաղաղությամբ
կվերադառնան իրենց կղզի»,- նշել է Թրամփը Twitter-ում:
Ընդ որում՝ ԱՄՆ առաջնորդը չի հստակեցրել, թե Վենեսուելայում կոնկրետ կուբայացի ինչ զինվորների մասին է խոսքը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն
Բոլթոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է Վենեսուելայում
իշխանափոխությանը «հնարավորինս արագ» հասնել: Ընդ որում՝ նա չէր բացառել
լատինաամերիկյան այս երկիր ռազմական ներխուժման հնարավորությունը եւ
Մոսկվայից պահանջել էր հրաժարվել Կարակասին աջակցելուց: Դրանից բացի,
Բոլթոնը հայտնել էր, որ իբր Վենեսուելայում են «20-25 հազար կուբացի
ուժայիններ»:
Ռուսաստանցի սենատոր Կոնստանտին Կոսաչեւը նշել է, որ Բոլթոնի
արտահայտությունները «մարդկային տարրական պատշաճության շրջանակից» դուրս
են, եւ ուշադրություն է դարձրել նրան, որ Թրամփի խորհրդականը վենեսուելացի
զինվորականներին կոչ է արել դավաճանել երկրի օրինական իշխանություններին,
եւ Ռուսաստանից պահանջել է «չմիջամտել»:
Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսը հայտարարել է, որ Բոլթոնը «ստում
է, երբ ասում է, որ Վենեսուելայում են 25 հազար կուբացի զինվորականներ»: