Ադրբեջանը խոստովանել է Տավուշի ուղղությամբ կրակոցների արձակումը
Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների և դրանց պատճառով ՀՀ ԶՈւ զինծառայողի վիրավորվելուց հետո ադրբեջանական կողմը, թեև վերապահումներով, բայց ընդունել է, որ այդ ուղղությամբ կրակոցներ եղել են։ Այսօր սահմանի հակառակ կողմի առաջնագիծ է այցելել երկրի սահմանապահ ծառայության ղեկավարը։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենք պատասխան կրակ են բացել այն բանից հետո, երբ հայկական կողմն ինտենսիվ կրակի տակ է պահել ադրբեջանական դիրքերը։ Հիշեցնենք, որ մինչ այդ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը կրակի տակ է պահել սահմանապահ Բաղանիս-Ոսկեպար գյուղերը միացնող ճանապարհը։ Ադրբեջանական կողմը փաստացի ընդունել է, որ կրակոցներ է արձակել հայկական ուղղությամբ։
Այդ տեղամասում, հիշեցնենք, դեկտեմբերից ադրբեջանական կողմից դիրքերը պահում են ոչ թե զինված ուժերի ստորաբաժանումները, այլ հենց սահմանապահ ծառայության ուժերը։