Լեհաստանում ԱՄՆ զորքերի տեղակայմամբ կխախտվի ՌԴ-ՆԱՏՕ հիմնարար ակտը. Լավրով
Լեհաստանում ԱՄՆ զինվորականների թվի ավելացումը կարող է խախտել ՌԴ-ՆԱՏՕ հիմնարար ակտը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նա նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում հարձակվել ո՛չ Լեհաստանի, և ո՛չ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա:
«Ներկա դրությամբ խոսքը ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև հաստատված հիմնարար ակտի կարևորագույն կետերից մեկի խախտման մասին է: Դրա համաձայն՝ ՆԱՏՕ-ի նոր անդամ երկրների տարածքում զինված ստորաբաժանումները չեն տեղակայվում տևական սկզբունքով»,- ասել է Լավրովը:
Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը ներկայումս ուշադրությամբ հետևում է ԱՄՆ-Լեհաստան բանակցությունների ընթացքին ու նման որոշման կայացումը «Եվրոպայի համար հավելյալ անվտանգություն չի ապահովի»: