Եթե չկա մշակույթը, մնացածն ընդհանրապես իմաստ չունի. քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրել է պարարվեստի գործիչներին. (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Պարի միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է պարարվեստի գործիչներին: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց մշակութային ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնութան հետ կապերի բաժնից: «Երևանի քաղաքապետարանը, մեր թիմը, բացի ամենօրյա կենցաղային խնդիրներից, անչափ կարևորում է նաև մայրաքաղաքի մշակութային օջախների գործունեությունն ու Երևանի մշակութային կյանքը: Քանի որ, եթե չկա մշակույթը, մնացածն արդեն ընդհանրապես իմաստ չունի, և այդ մշակույթի կրողները դուք եք:
Դուք անում եք այն դժվար գործը, որ տանում եք առաջ մեր մշակութային կյանքը, պահում եք ավանդույթները և զարգացնում դրանք: Տարիներ շարունակ եղել է մոտեցումը` կարևոր հարցերը լուծենք, վերջում էլ ինչ մնաց՝ տանք մշակույթին, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ այսուհետ Երևանի քաղաքապետարանը լրիվ այլ մոտեցում է որդեգրել»,- ընդգծել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանն այս տարի որոշակի փոփոխություններ է իրականացրել պարգևատրման կարգում. այսուհետ քաղաքապետի պարգևների կարժանանան տվյալ կազմակերպության ներկայացրած աշխատակիցները:
«Մենք փորձել ենք, որ ամեն կոլեկտիվ և ամեն կոլեկտիվի ղեկավար ինքը ներկայացնի այն արտիստներին, որոնց ցանկանում է պարգևատրել: Մենք գտնում ենք, որ կոլեկտիվի ղեկավարները, գեղարվեստական ղեկավարները, տնօրենները ամբողջ տարին իրենք են աշխատում տվյալ արտիստի հետ ու իրենցից բացի ոչ ոք ավելի լավ չի կարող գնահատել իր արտիստին:
Վստահ եմ, որ արդարության ու թափանցիկության այս սկզբունքով մենք կկարողանանք Երևանում ի հայտ բերել և բացահայտել լավագույններին, այն մարդկանց, որոնք կարևոր են իրենց կոլեկտիվներում, այն մարդկանց, որոնց գնահատում է իրենց կոլեկտիվի ղեկավարը»,- իր հերթին նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Պարի միջազգային օրվա առթիվ, բալետի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և կատարողական բարձր վարպետության համար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան Վահագն Մարգարյանը հետմահու պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
Պարարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պարի պետական համույթի պարուհի Ինգա Ավդալյանը և «Սարդարապատ» պարային համույթի պարուսույց-բալետմայստեր Էդգար Հակոբյանը պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով:
Պարավեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի: