Կյանքից հեռացել է Իլ-76 և Իլ-96 ինքնաթիռների հեղինակ Հենրիխ Նովոժիլովը
Խորհրդային եւ
ռուսական ավիակոնստրուկտոր, «Իլյուշինի» նախկին գլխավոր կոնստրուկտոր
Հենրիխ Նովոժիլովը մահացել է կիրակի 94 տարեկան հասակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ավիակառուցման ոլորտում աղբյուրին:
«Մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է հայտնի
ավիակոնստրուկտոր, Իլ-76 եւ Իլ-96 ինքնաթիռների հեղինակ Հենրիխ Վասիլյեւիչ
Նովոժիլովը»,-ասել է գործակալության զրուցակկիցը:
Հենրիխ Վասիլյեւիչ Նովոժիլովը ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 27-ին Մոսկվայում զինվորականների ընտանիքում:
Նա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի, այնուհետեւ Ռուսաստանի
գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր (ընտրվել էր 1984 թվականին): Նա
Իլ-54 ռմբակոծիչի նախագծման գլխավոր ինժեներն էր:
1964 թվականից նա զբաղեցնում էր գլխավոր կոնստրուկտորի եւ գործադիր
կոնստրուկտոր Սերգեյ Իլյուշինի առաջին տեղակալի պաշտոնը: Աշխատում էր Իլ-62
հեռամագիստրալ ուղեւորատար ինքնաթիռի սերիական թողարկման նախագծի վրա:
1970 թվականին, թոշակի անցած Սերգեյ Իլյուշինի խորհրդով, Նովոժիլովը
նշանակվել էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ որպես գործադիր
կոնստրուկտոր եւ որպես ղեկավար պատասխանատու էր ընկերության կառավարման
համար:
Հենրիխ Նովոժիլովի ղեկավարության ներքո ստեղծվել էր ռազմա-տրանսպորտային
եւ քաղաքացիական ավիացիայում ամենատարածված Իլ-76 ինքնաթիռը, այնուհետեւ
դրա հիման վրա՝ ռազմա-տրանսպորտային Իլ-76ՄՖ եւ Իլ-76ՄԴ ինքնաթիռները:
Ավիակոնստրուկտորը ղեկավարում էր հայրենական առաջին լայնաֆյուզելաժային
ուղեւորատար Իլ-86 աշխատանքները եւ դրա հիման վրա ռազմական Իլ-80 ինքնաթիռի
ստեղծման աշխատանքները, ինչպես նաեւ լայնաֆյուզելաժային հեռամագիստրալ
Իլ-96-300 ինքնաթիռի ստեղծումը, որի հատուկ տարբերակն այժմ սպասարկում է ՌԴ
նախագահ Վլադիմիր Պուտինին: Նովոժիլովի մասնակցությամբ ստեղծվել են
Իլ-96ՄՕ եւ Իլ-96Տ (բեռնատար), Իլ-103 (թեթեւ բազմանպատակային), Իլ-114,
Իլ-114-100 ինքնաթիռները:
Նովոժիլովը Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս է (1971, 1981):
Լենինյան մրցանակի դափնեկիր (1970, Իլ-62 հեռամագիստրալ ինքնաթիռի ստեղծման
համար), գիտության եւ տեխնիկայի ոլորտում ՌԴ կառավարության մրցանակի
դափնեկիր (2005): Պարգեւատրվել է Լենինի երեք շքանշաններով (1969, 1971,
1981), «Պատվո նշան» շքանշանով (1957), Աշխատանքային կարմիր դրոշի (1966),
Հոկտեմբերյան հեղափոխության (1975), Ազգերի բարեկամության (1992),
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II եւ III աստիճանի, ինչպես
նաեւ մի շարք այլ մեդալներով: