Աբխազիայի սահմանը հատած քաղաքացիները վերադարձել են Հայաստան
Շաբաթներ առաջ Մարդու իրավունքերի պաշտպանին էր դիմել Դավիթ Գևորգյանը և հայտնել, որ իրենք ընտանիքով մշտական բնակություն են հաստատել Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում: Հունիսի 10-ին նրանք հատել են Ռուսաստանի Դաշնության սահմանը՝ անցնելով Աբխազիայի Հանրապետություն, իսկ հունիսի 12-ին, երբ փորձել են ետ վերադառնալ, սահմանապահ ծառայությունը, առանց որևէ պարզաբանման, արգելել է նրա կնոջ՝ Մարինե Գևորգյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն:
Մինչ վերջերս Մ. Գևորգյանը գտնվում էր Աբխազիայում, որտեղից վերջինիս ելքը ընդհանրապես արգելվում էր:
Պաշտպանին ուղղված դիմումով Դավիթ Գևորգյանը հայտնել էր նաև, որ իր կինը Աբխազիայում ենթարկվել էր վթարի, ինչի հետևանքով գտնվում էր Գագրա քաղաքի հիվանդանոցում: Այդ պահին նրա վիճակը ծանր էր, սակայն անհրաժեշտ բուժօգնություն չէր տրամադրվում:
Դ. Գևորգյանի տեղեկացմամբ, ինքը բազմիցս դիմել էր Ռուսաստանի Դաշնությունում գործող ՀՀ հյուպատոսարան և ՀՀ արտաքին գործերի նախարարություն, սակայն հարցը լուծում չէր ստանում:
Նշված խնդրի վերաբերյալ Պաշտպանը գրություն էր ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն' խնդրելով ուսումնասիրել բարձրացված հարցը և անհապաղ միջոցներ ձեռնարկել դրա լուծման ուղղությամբ:
Պաշտպանի գրությանն ի պատասխան' ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ իրենց և Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության ջանքերի շնորհիվ Մ. Գևորգյանը' տասներկու այլ ՀՀ քաղաքացիների հետ միասին, որոնց մուտքը ևս Ռուսաստանի Դաշնության տարածք տարբեր պատճառներով արգելված էր, օգոստոսի 2-ին' ՀՀ դեսպանության խորհրդական Ա. Մադոյանի ուղեկցությամբ, Սոչի-Երևան չվերթով վերադարձել է Հայաստանի Հանրապետություն:
Քաղաքացիների անուն-ազգանունը փոխված է :