ԱՄՆ-ում ազատազրկվել է տղամարդը, որը սեռական ստրկության էր ենթարկել անչափահասին
Ամերիկյան Ջորջիա
նահանգի բնակիչ Մայքլ Վիսոլովսկին ազատազրկվել է 10 տարի եւ 8 ամիս
ժամկետով, քանի որ մեկ տարի շարունակ սեռական ստրկության էր ենթարկել
երիտասարդ կնոջը, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ Վիսոլովսկին մեղադրվել է նաեւ երեխաների նկատմամբ առաջին
աստիճանի դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Բացի այդ, նա ցմահ
կհաշվառվի երկրի տվյալների բազայում որպես սեռական բնույթի
հանցագործություն կատարած անձ:
2017 թվականին 33-ամյա տղամարդը ձերբակալվել էր, երբ իրավապահ
մարմինները հայտնաբերել էին Հյուսիսային Կարոլինա նահանգի 17-ամյա
բնակչուհուն, որն անհայտ կորել էր ավելի քան 1 տարի առաջ եւ այդժամ գտնվում
էր Ատլանտայում՝ նրա բնակարանում:
Տղամարդը ծանոթացել էր իր զոհի հետ Համացանցում անորեքսիկների համար
ֆորումի շրջանակներում, երբ կինը դեռեւս 15 տարեկան էր: Նա խոստովանել էր
տղամարդուն, որ տանն իրեն դժբախտ է զգում: Ավելի ուշ Վիսոլովսկին համոզել
էր դեռահասին տեղափոխվել իր տուն, երբ նա արդեն 16 տարեկան էր:
Հաղորդվում է, որ Ջորջիա նահանգում հենց այդ տարիքից է հաշվի առնվում
դեռահասի համաձայնությունը, այդ իսկ պատճառով տղամարդուն հնարավոր չէ
մեղադրել մանկապղծության մեջ:
Դատախազը հայտնել է, որ Վիսոլովսկին եւ նրա զոհը փոխադարձ
համաձայնությամբ են ինտիմ կապ ունեցել, սակայն ավելի ուշ տղամարդը սկսել է
կոպիտ եւ առանձնակի դաժան վերաբերմունք ցուցաբերել աղջկա նկատմամբ:
Ինքը՝ Վիսոլովսկին համարում է, որ օգնել է իր զոհին խուսափել իր հայրական տանը դժբախտ կյանքից: