ԵՄ-ը դադարել է թողարկել 500 եվրո արժողությամբ թղթադրամներ
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) դադարել է թողարկել 500 եվրո արժողությամբ թղթադրամներ, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Շրջանառությունից թղթադրամները աստիճանաբար դուրս հանելու մասին հայտնի
էր դարձել 2016 թվականին: ԵԿԲ-ը մտահոգվում էր, որ այդ թղթադրամի միջոցով
պարզեցվում է «անօրինական գործունեություն» իրականացնելու
հնարավորությունը: 2019 թվականի հունվարին ԵՄ-ում 19 երկրներից 17-ը
դադարել է թողարկել դրանք: Ավստրիան եւ Գերմանիան եվրագոտու այն երկրներն
էին, որոնք շարունակում էին տպել այդ թղթադրամները հատուկ թույլտվությամբ:
Այդուհանդերձ, այդպիսի թղթադրամները կարող են հետագայում եւս կիրառվել
որպես օրինական վճարային միջոց: Սակայն բանկերում հայտնվելուց հետո դրանք
կհանվեն շրջանառությունից:
2016 թվականի ամռանը ԵԿԲ-ը թարմացրել էր 50 եվրո արժողությամբ
թղթադրամը: Նոր թղթադրամի պաշտպանության տարրերն ավելի կայուն են, ինչպես
նաեւ ի հայտ է եկել հին հունական դիցաբանության հերոսուհու՝ Եվրոպայի
դիմանկարը:
2018 թվականի սեպտեմբերին Եվրոպայում ցուցադրել են նոր 100 եւ 200 եվրո
արժողությամբ թղթադրամները: Դրանցում ավելացվել են հոլոգրամն ու փյունիկյան
արքայադուստր Եվրոպայի պատկերներով ջրային նշանը: Ավելին, դիզայնում
ակտիվորեն օգտագործվել են ռելիեֆներն ու գրառումները, որոնք փոխում են
իրենց գույնը տարբեր անկյուններից դիտելիս: