Հայաստանն ու սփյուռքը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը միջազգային ասպարեզում. Լիոնի փոխքաղաքապետ
Հայաստանն ու
սփյուռքը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը միջազգային ասպարեզում
խնդիրները լուծելու համար: Այդ մասին ապրիլի 26-ին կայացած մամուլի
ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը:
Նա նշել է, որ, հաշվի առնելով աշխարհում բարդ դիվանագիտական իրավիճակը,
պետք է միավորել ջանքերը եւ ճնշում գործադրել տարբեր միջազգային
կառույցների վրա այս կամ այն խնդիրները լուծելիս:
«Անհրաժեշտ է ամրապնդել սփյուռքը, քանի որ Հայաստանն ունի ուժեղ
սփյուռքի կարիքն այնպես, ինչպես սփյուռքն ունի ուժեղ Հայաստանի կարիքը:
Անցել է Հայաստանի եւ սփյուռքի միջեւ հարաբերություններում ռոմանտիզմի
շրջանը, ժամանակն է առավել պրագմատիկ համագործակցության, եւ ես տեսնում ե,
որ հայերի նոր սերունդը լի է վճռականությամբ պետության զարգացմանն ուղղված
քայլեր ձեռնարկելու համար»,-նշել է նա:
Ժորժ Քեփենեկյանի կարծիքով՝ Հայաստանում մտածողության եւ
իրադարձություններն ընկալելու այս կամ այն փոփոխությունների պարագայում
սփյուռքը պետք է կարողանա արձագանքել համապատասխան կերպով:
«Ես կածում եմ, որ եթե կան փոփոխություններ Հայաստանում ընկալումների եւ
մտածողության առնչությամբ, ապա սփյուռքում եւս պետք է կատարվեն
փոփոխություններ»,-պարզաբանել է փոխքաղաքապետը:
Ժորժ Քեփենեկյանը նշել է, որ իր այցի նպատակն է «Ծիծեռնակաբերդ»
հուշահամալիր այցելությունը, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարության հետ
հանդիպումների անցկացումը ապակենտրոնացված համագործակցության հարցերով
հայ-ֆրանսիական համաժողովի նախապատրաստական աշխատանքների նախօրեին:
«Հայաստանի իշխանության հետ հանդիպումների ժամանակ մենք համատեղ որոշում
ենք կայացրել, որ պետք է միասնական ուժերով ապահովենք քաղաքների եւ
շրջանների միջեւ ավելի ինտենսիվ համագործակցությունը եւ չսահանափակվենք
տարեկան 1-2 հանդիպումներով: Դա հնարավորություն կտա համագործակցությունն
ամրապնդելու, այդ թվում՝ քաղաքական դաշտում»,-հավելել է նա:
Փոխքաղաքապետն ընդգծել է երկու երկրներում հասարակության լայն շերտերի
ներգրավումը՝ ներառյալ համալսարանները, ստարտափերը, որոնք կարող են
նորարարություն հաղորդել համագործակցությանը:
«Դա թույլ կտա խորացնել համագործակցությունը, որը սկսվել է դեռեւս 30
տարի առաջ՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո»,-ամփոփել է Լիոնի
փոխքաղաքապետը: