Ֆրանսիացի փորձագետ-քրեագետները Աստվածամոր տաճարում հրդեհի պատճառի հանցանշաններ են փնտրում
Ֆրանսիացի
փորձագետ-քրեագետներն առաջին անգամ մտել են Աստվածամոր տաճար՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած ավերիչ հրդեհի պատճառները հետաքննելու նպատակով՝ հայտնում է The Guardian-ը։
Երեք տարբեր գործակալություններից փորձագետները կզբաղվեն հանցանշանների
հավաքումով եւ ճարտարապետական գլուխգործոցի սրածայր աշտարակն ու տանիքը
փլուզող հրդեհի բռնկման պատճառները բացահայտելով։
Քննիչներն արդեն հարցաքննել են տաճարի աշխատակիցներին, ինչպես նաեւ շինարարներին, ովքեր զբաղվում էին վերականգնողական աշխատանքներով։
Սպասվում է, որ փորձագետները կուսումնասիրեն տաճարի ողջ տարածքը՝
որոնելով մալուխների կտորներ եւ գծագրեր, որոնք կարող էին տեղի ունեցածի
բացահայտման բանալի դառնալ։ Միաժամանակ, տեղեկացվում է, որ հրդեհի վայրից
ԴՆԹ-ի հավաքագրումը բավական բարդ խնդիր կլինի։
Նշվում է նաեւ, որ քննիչները կփորձեն պարզել, թե համապատասխանում են արդյոք ընդունված նորմերին հրդեհի սկզբում ձեռնարկված միջոցները։
Հիշեցնենք, որ հանրահայտ Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին հզոր
հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով փլուզվել էին տանիքը, սրածայր աշտարակը
եւ հիմնարար կառույցները։ Հրդեհի շիջմանը մասնակցում էր 400 հրշեջ։