Նախագահ Սարգսյանն Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ազդարարել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության
նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 25-ին, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի
հետ այցելել է մայրաքաղաքում գտնվող Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի
տուն-թանգարան:
Հանրապետության նախագահը եւ տիկին Սարգսյանը տուն-թանգարանի տնօրեն Աննա
Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի տարածքում, ծանոթացել
ցուցադրություններին, շենքային պայմաններին եւ դրանց հետ կապված
խնդիրներին:
Շրջայցից հետո ՀՀ նախագահը ներկայացրել է թանգարանի հետ կապված իր
ծրագիրը. «Ցանկություն ունեմ Հանրապետության նախագահի նստավայրում
ցուցահանդես կազմակերպել, որտեղ կներկայացվեն չորս արվեստագետներ՝ Արա
Սարգսյանը, Հակոբ Կոջոյանը, Ռաֆայել Իսրայելյանը եւ Արա Հարությունյանը:
Գաղափարը հետեւյալն է՝ կրկին հիշել մեր մեծ արվեստագետներին, որոնք
հսկայական հետք են թողել, եւ որոնց ստեղծագործությունները մեծ արժեք են
ներկայացնում»:
Նշելով, որ նման միջոցառումները նախ եւ առաջ պետք է ծառայեն
հանրությանը, ինչպես նաեւ ոգեւորեն երիտասարդ արվեստագետներին, որոնք
նույնպես կարող են ցուցադրվել նախագահականի սրահներում՝ Արմեն Սարգսյանը
հիշեցրել է, որ նախագահական նստավայրում նմանօրինակ մշակութային
միջոցառումների սկիզբը դրվել է մեծանուն դաշնակահարուհի Սվետլանա
Նավասարդյանի մենահամերգով:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել
սեփական պատմության ու արվեստի հանդեպ: «Եթե պատմությունը մոռանանք, եւ
թվա, թե կյանքը միայն այսօր է ստեղծվել, այսօրվա նկարիչներն են աշխարհում
ամենալավը, երբեք լավ նկարչություն կամ արվեստ չենք ունենա»,- նշել է
նախագահ Սարգսյանը: Նրա համոզմամբ, Հանրապետության նախագահի նստավայրում
նմանօրինակ ցուցադրությունների կազմակերպումը կարող է նպաստել թանգարաններ,
ցուցահանդեսներ եւ ընդհանրապես մշակութային օջախներ մարդկանց հոսքի
ավելացմանը: