Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն՝ պոլիկլինիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ
Երևան քաղաքը
իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության
ընդլայնման և զարգացման հարցում։ Այս մասին Երևանում գտնվող Լիոնի
քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Կարևորելով Երևանի և Լիոնի միջև իրականացված ծրագրերը՝ մասնավորապես,
հայ–ֆրանսիական մասնագիտացված ուսումնական կենտրոնի ստեղծումը, «Լիոնի
այգու» կառուցումը, տեխնիկական և փորձագիտական աջակցության տարբեր
նախաձեռնություններն ու փորձի փոխանակումը, Հայկ Մարությանը նկատել է, որ
երկու քաղաքների միջև պետք է բարձրացնել համագործակցության
արդյունավետությունը:
«Երևան քաղաքը իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված
համագործակցության ընդլայնման և զարգացման հարցում, և այստեղ մեծ
հեռանկարներ ենք տեսնում: Մենք նաև մի շարք ներդրումային ծրագրեր ենք
մշակել Երևանի համար և շնորհակալ կլինենք Ձեր աջակցության համար՝ Լիոնից
հնարավոր ներդրողների ներգրավման առումով: Նաև պատրաստ ենք քննարկել և մեր
իրավասությունների շրջանակներում աջակցել Երևանում լիոնյան գործարարների
կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերի իրականացմանը»,- նշել է Հայկ
Մարությանն ու իր պատրաստակամությունը հայտնել երկու քաղաքների միջև
հաստատված համագործակցությունն էլ ավելի զարգացնելու և նոր մակարդակի վրա
դնելու հարցում:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման
պատրաստակամության համար՝ Ժորժ Կեպենեկյանն իր հերթին նկատել է, որ
հարկավոր է վերակենդանացնել և նոր ուժ հաղորդել երկուստեք
հարաբերություններին:
«Մեր համագործակցությունը պետք է տեղափոխենք ավելի պրագմատիկ փուլ, ինչի
համար բոլոր նախադրյալներն առկա են: Վերասահմանելով նոր ուղղություններ,
համոզված եմ, մենք կկարողանանք կյանքի կոչել նոր ծրագրեր, որոնք կարևոր են
քաղաքների տնտեսական կյանքում: Փորձի փոխանակման ծրագրերն էլ իրենց հերթին
կբացեն նոր դռներ»,- նշել է Ժորժ Կեպենեկյանը:
Փոխքաղաքապետը ներկայացրել է նաև Լիոնի կառավարման համակարգը և նշել, որ
այն համարվում է «ընդդիմության մայրաքաղաք»: Ժորժ Կեպենեկյանը նաև նշել է,
որ Լիոնում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող
հուշահամալիրը ևս մեկ անգամ վերահաստատում է ֆրանսիացի ժողովրդի
դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման ու ճանաչման հարցում:
Անդրադառնալով համագործակցության նոր ուղղություններին՝ կողմերը
կարևորել են առողջապահության (պոլիկլինիկական համակարգի աշխատանքի
արդյունավետության բարձրացում), բարձրագույն կրթության, մշակույթի,
սպասարկման, հատկապես հանրային սննդի ոլորտներն ու զբոսաշրջության
զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: