Մենք մշակույթը և կրթությունը տեսնում ենք նույն տրամաբանության մեջ, և մշակույթին վերապահում ենք նաև կրթական դերակատարում. Փաշինյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության ապրիլի 25-ի նիստում, նախքան զեկուցվող թեմաներին անցնելը, հայտարարեց E-CULT նախագծի մասին, որի մեկնարկը տրվել է անցյալ շաբաթ: Նա տեղեկացրեց՝ այս նախագիծը ենթադրում է 370 000 աշակերտների այցելություններ թատրոններ և համերգասրահներ, ասաց, որ մինչ այդ պատկերասրահների ու թանգարանների հատվածն էր մեկնարկել:
«Սա էլեկտրոնային հարթակ է, որ համակարգի ներգրավվածության առումով աննախադեպ է: Ծնողներին, ծնողական խորհրդին և ուսուցիչներին կոչ եմ անում գրանցվել ու այցելել այդ մշակութային հաստատությունները: Անցյալ 10 օրերի հաշվետվությունը կներկայացվի, տենդնեցները կտեսնենք, խնդիրներին լուծումներ կտանք»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այս նախագծով, ըստ էության, ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին հնարավորություն են տալիս, որ պետբյուջեի հաշվին տարին մեկ անգամ անվճար այցելեն թատրոն, համերգասրահ և թանգարան: Նա ասաց՝ ծրագիրը ներառում է թե´ ուսուցիչներին, թե´ աշակերտներին, ինչը շատ կարևոր է Կառավարության մշակութային քաղաքականության իմաստով:
«Մենք մշակույթը և կրթությունը տեսնում ենք նույն տրամաբանության մեջ, և մշակույթին վերապահում ենք նաև կրթական դերակատարում: Կրթությունն ինքը նաև մշակութային երևույթ է, սրանով են պայմանավորված այն կառուցվածքային փոփոխությունները, որ իրականացնում ենք ԿԳ և մշակույթի նախարարությունները միավորելով»,- ասաց վարչապետը:
Հարությունյանը տեղեկացրեց, որ նախագիծը կլինի պիլոտային, խնդիրները կֆիքսեն, շտկումներ կարվեն, իսկ սեպտեմբերից արդեն հնարավոր կլինի լիարժեք օգտվել այդ նախագծի հնարավորություններից՝ բոլոր ուղղություններով: