Թրամփի հայտարարությունը դատարկ է և արժեք չունի. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտգործնախարարությունն այսօր մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ կապված 1915թ.-ի Հայոց Մեծ եղեռնի հետ, հաղորդում է Anews պարբերականը:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Թրամփի հայտարարությունը «դատարկ է և արժեք չունի» և հիմնված է միայն հայերի կողմից հորինված սուբյեկտիվ պատմությունների վրա:
«Քաղաքական նպատակներով պատմության խեղաթյուրումը երբեք ընդունելի չէ», – նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև կոչ է արել Թրամփին ազնիվ լինել իր դատողություններում: Թուրքիայի արտգործնախարարությունը նշել է հայերի կողմից ավելի քան կես մլն մուսուլմանների սպանության մասին՝ շեշտելով, որ Անկարան վերահաստատում է իր առաջարկը՝ ստեղծելու համատեղ հանձնաժողով և հասկանալու 104 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների բոլոր կողմերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews.am-ը, Թրամփն իր խոսքում նշել էր, որ 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան:
ԱՄՆ նախագահի ամբողջական հայտարարությանը կարող եք ծանոթանալ այս հղումով: