Աշխարհում Հայոց Ցեղասպանության համար մի շարք միջոցառումներ կանցկացվեն
Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Կանադայում, Ավստրալիայում և այլուր տեղի կունենան մի շարք միջոցառումներ, հայտնում է Rusarminfo-ն:
Ապրիլի 23-ին Նիդերլանդներում` Հաագայի կենտրոնական հրապարակում, հայ համայնքի կողմից անցկացվել է միջոցառում, որի ընթացքում կոչ է արվել Թուրքիային ճանաչել այդ ոճրագործությունը:
Ֆրանսիայում երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այսօր երկրի տարբեր հատվածներում մի շարք միջոցառումներ տեղի կունենան:
Այսօր Փարիզում Կոմիտասի արձանից մինչև Կանադայի հրապարակ մեծ քայլերթ կանցկացվի, որին կմասնակցի երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը:
Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում տեղի կունենան զանգվածային միջոցառումներ (Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Հունաստան, Շվեդիա, Կիպրոս, Մալթա, Բուլղարիա և այլուր):
Մեծ միջոցառումներ են տեղի ունենալու նաև ԱՄՆ-ում: Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում տեղի կունենա հայկական համայնքի ամենամյա բազմամարդ երթը և ցույց` հյուպատոսության շենքի առջև: Նյու Յորքի Times Square հրապարակում ևս տեղի կունենա մեծ երթ, որի մասնակիցները կդիմեն ԱՄՆ իշխանություններին և կհորդորեն ճանաչել մարդկության դեմ իրագործված ոճրագործությունը: Երկրի այլ նահանգներում ևս տեղի կունենան մի շարք խոշոր միջոցառումներ: