Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել
Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը Ցյուրիխում ենթարկվել է հարձակման։ Անհայտ անձանց մի խումբ շենքի վրա պայթուցիկ խառնուրդով շշեր է նետել։
Ինչպես տեղեկացրել է Անատոլիական գործակալությանը Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ասիե Նուրջան Իփեքչին, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 02.51-ին։
Նրա խոսքով՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը Ցյուրիխում առաջին անգամ չէ, որ նման գրոհների է ենթարկվում։
Խմբավորումներից ոչ մեկն առայժմ իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը, նշել է գլխավոր հյուպատոսը։
«Ոստիկանությունը տեղեկացրել է այս գործով երեք կասկածյալի կալանելու մասին։ Նրանց անուններն առայժմ չեն նշվում։ Կարծում եմ, որ իրավիճակը կպարզվի առաջիկա օրերին»,- ասել է Իփեքչին։
Գլխավոր հյուպատոսը նշել է, որ դիվանագիտական առաքելության շենքին վնաս չի հասցվել, քանի որ մեկ շշի պարունակությունը չի այրվել, մյուսն էլ կոտրվել է պարսպին հարվածվելով։