ԱՄՆ֊ն ամբողջովին արգելել է Իրանից նավթի ձեռքբերումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ այն երկրները, որոնք Իրանից բացառության կարգով նավթ էին ներկրում, չնայած Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, այլևս նման հնարավորություն չեն ունենա, հաղորդում է Reuters-ը:
Նման բացառություններ սահմանող փաստաթղթի գործողության ժամկետն ավարտվում է մայիսի սկզբին: Վաշինգտոնի այս որոշման պատճառով նավթի գներն աճել են՝ հասնելով 2019թ.-ի համար ամենաբարձր ցուցանիշին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակն է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի՝ հավելելով, որ որևէ երկրի համար անցումային շրջան նախատեսված չէ. բոլոր երկրները պետք է իրանական նավթից հրաժարվեն մայիսի 1-ից հետո:
ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ էր սահմանել Իրանի նկատմամբ այն բանից հետո, երբ միակողմանիորեն դուրս էր եկել Իրանի հետ միջուկային գործարքից: Վաշինգտոնն 8 երկրների (Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Թուրքիա, Իտալիա, Հունաստան) 6 ամսով թույլ էր տվել սահմանափակ քանակությամբ իրանական նավթ ձեռք բերել՝ պարտավորվելով դրանց նկատմամբ պատժամիջոցներ չկիրառել: