Նաիրա Զոհրաբյանը Ամանորին կուսակից ընկերներից ոչ մեկի տուն չի այցելում
Ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել այս տարվա Ամանորը:
Ինչպես միշտ տանը, ընտանիքիս հետ եմ դիմավորելու գալիք Ամանորը, ես միշտ տանն եմ նշում, երբևէ տնից դուրս չեմ նշել և ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է այս գեղեցիկ տոնը նշել որևէ ռեստորանում, հանգստյան տանը կամ որևէ այլ երկրում, ինձ համար Ամանորը ընտանեկան տոն է և այն պետք է տանը դիմավորել:
Operativ.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատմում է, թե ինչպես է նշելու գալիք Ամանորը:
Ի՞նչ ուտեստ եք նախընտրում Ամանորին:
Ես անձամբ նախընտրում եմ, որ ամանորյա սեղանը թեթև լինի, մսեղենը, որը պահվում է սեղանին մի քանի օր շարունակ, ոչ միայն հիգիենիկ չէ, այլ նաև դրանից մեծ է թունավորման վտանգը: Անձամբ ես նախընտրում եմ մրգային և բանջարեղենային աղցաններ:
Հավատու՞մ եք Ձմեռ պապիկի գոյությանը:
Ձմեռ պապիկի գոյությանը չգիտեմ հավատում եմ, թե չէ, բայց հավատում եմ այն մտքին, որ այդ գիշերը պետք է երազանք պահել և ես հավատում եմ, որ ինչ որ դու անկեղծորեն ցանկանում ես, ստանում ես, ամեն դեպքում ինձ հետ միշտ այդպես է եղել: Ես ինձ համարում եմ հաջողակ մարդ, ինչ որ ցանկացել եմ, ստացել եմ:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձմեռ պապիկից:
Իմ երազանքներն ու ակնկալիքները կապվում եմ աղջկաս և թոռնիկիս հետ:
Ամենայուրօրինակ նվերը, որ երբևէ ստացել եք Ամանորին:
Օրերս եմ ստացել ամանորյա նվեր՝ չեխական ճենապակուց, քանի որ ես ինքս հորոսկոպով օձ եմ:
Ձեր կուսակից ընկերներից առաջինն ու՞մ տուն եք այցելում:
Իմ բոլոր ընկերներն ու հարազատները գիտեն, որ ես չեմ սիրում Ամանորին տնից տուն գնալու երևույթը, ուստի չեն նեղանում ինձնից:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան