Թուրքիան 4-րդն է Bloomberg-ի «Թշվառության ինդեքսում»
Ամերիկյան «Bloomberg» գործակալության կազմած «Թշվառության ինդեքսում»
Թուրքիան 62 երկրների ցանկում 4-րդ տեղն է զբաղեցրել։ Արդեն հինգերորդ
անգամ հրապարակվող այս տարեկան զեկույցում հիմք են ընդունվում
ուսումնասիրվող երկրներում առկա գնաճի (ինֆլյացիա) և գործազրկության
մակարդակը։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ այդմ՝ ամենաթշվառ երկրների առաջատար հնգյակում տեղ են գտել
Վենեսուելան, Արգենտինան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Թուրքիան և
Հունաստանը։
Նախորդ տարի Թուրքիան 26.8 միավորով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։
Այս տարի Թուրքիան նույն հորիզոնականում ստացել է արդեն 30․2 միավոր։ Ընդ
որում՝ 3-րդ տեղը զբաղեցրած Հարավաֆրիկյան Հանրապետության և Թուրքիայի միջև
նախորդ տարի միավորների տարբերությունը 5 էր, այս տարի այդ տարբերությունը
հասել է 2․1 միավորի։
2018թ․ Թուրքիայում տարեկան գնաճի մակարդակը 20 տոկոս էր, ինչը վերջին
16 տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Իսկ 2019թ․ մարտի
դրությամբ հրապարակված հաշվարկների համաձայն՝ 2019թ․ տարեկան գնաճի
մակարդակը կազմում է 19․7 տոկոս, իսկ միայն սննդամթերքի գներն աճել են 30
տոկոսով։
Նշենք նաև, որ օրեր առաջ Թուրքիայի վիճակագրական ընկերության կողմից
հրապարակված զեկույցի համաձայն՝ Թուրքիայում գործազրկության մակարդակը
նախորդ տարվա համեմատ 3.9 միավորով ավելանալով հասել է 14․7 տոկոսի։
Ցանկի ամենավերջին հորիզոնականները զբաղեցրել են Թայլանդը, Շվեյցարիան,
Սինգապուրը, ինչը նշանակում է, որ ինֆլյացիայի և գործազրկության մակարդակն
այս երկրներում ամենից ցածր է։