Թրամփը պետք է ավելի մեծ համբերություն ցուցաբերի Հյուսիսային Կորեայի հետ
ԱՄՆ-ի նախագահ
Դոնալդ Թրամփը պետք է ավելի շատ համբերություն ցուցաբերի Հյուսիսային
Կորեայի հետ եւ չմասնակցի երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանն առանց
համաձայնագրի առկայության: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին
մշտական ներկայացուցիչ Բիլ Ռիչարդսոնը, հաղորդում է The Hill-ը:
«Նա երբեմն շատ անհամբեր է, եւ նրան դուր են գալիս բարձր մակարդակի
հանդիպումները մեծաքանակ լրագրողների ներկայությամբ»,-համարում է
դիվանագետը: «Նա պետք է պարզապես թույլ տա իր մարդկանց ստիպել
հյուսիսկորեացիներին որոշ զիջումների գնալ եւս մեկ գագաթնաժողով
անցկացնելու համար»:
Նրա խոսքերով՝ նախքան հնարավոր գագաթնաժողովը պետք է որոշակի
համաձայնության գալ: «Դա տեղի չի ունեցել Վիետնամում, իսկ դրա արդյունքը
աղետալի էր, քանի որ երկու կողմերը հեռացել էին ձեռնունայն»:
Ռիչարդսոնը, որը զբաղեցնում էր նաեւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարի
պաշտոնը Բիլ Քլինթոնի օրոք, համարում է, որ խելամիտ կոմպրոմիսը պետք է
ներառի «որոշ չափով ապամիջուկայնացում եւ հրթիռների որոշակի
սահմանափակումներ պատժամիջոցների որոշ չափով թուլացման փոխարեն»:
Կիմ Չեն Ընը եւ Դոնալդ Թրամփը հանդիպել էին Հանոյում փետրվարին: Սակայն
համաձայնության գալ չէր հաջողվել: Թրամփը լքել էր գագաթնաժողովը
նախատեսվածից շուտ: Հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ներն այդ շաբաթ հաղորդել
էին, որ Կիմ Չեն Ընը հետեւում էր նոր տիպի տակտիկական կառավարվող զենքի
փորձարկումներին: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը
հաստատել էր, որ փորձարկվել էր զենք, սակայն դա բալիստիկ հրթիռ չէր: