Էրդողանի կուսակցությունը պահանջում է չեղարկել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կրկին պահանջել է չեղարկել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Ինչպես հաղորդում է Hyurriet-ը, ԱԶԿ-ը ներկայացրել է երկրի բարձրագույն ընտրական մարմնին խնդրագիր, որը ներառում է ընտրողների ցանկը, որոնց նա «անընդունելի» է համարել՝ նպատակ հետապնդելով չեղարկել արդյունքները եւ անցկացնել Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններ:
ԱԶԿ-ի փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը հայտնել է, որ պարզ է դարձել, որ 14 712 ընտրողներ հեռացվել էին աշխատանքից նախագահի հրամանով: Խոսքը վերաբերում է մարդկանց, որոնք ազատվել էին աշխատանքից 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձից հետո: Այդ ժամանակից ի վեր թուրքական իշխանություններն աշխատանքից հեռացրել էին ավելի քան 150 հազար պետծառայողների, զինվորականների, դասախոսների:
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հրաժարվել էր մանդատներ տրամադրել ազատված պետական ծառայողներին, որոնք հաղթել էին մարտի 31-ին կայացած ավագանու ընտրությունների ժամանակ՝ պնդելով, որ նրանց ազատումը թույլ չի տալիս նաեւ զբաղվել հանրային որեւէ գործունեությամբ:
Ապրիլի 17-ին ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն պաշտոնապես ստանձնել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, սակայն նրա ընտրությունը դեռեւս բախվում է ԱԶԿ-ի կողմից իրավաբանական խնդիրների հետ: