Հունաստանի ԱԳՆ-ը կոչ է արել Թուրքիային հարգել միջազգային իրավունքը
Թուրքիան պետք է «սովորի հարգել միջազգային իրավունքն այնպես, ինչպես կա, այլ ոչ այն տեսքով, որով նա այն մեկնաբանում է»: Այդ մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդրոս Հենիմաթասը՝ մեկնաբանելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությունը, որ Հունաստանն իբրեւ խախտում է պայմանագրերն ու միջազգային իրավունքը՝ զենք ուղարկելով Էգեյան ծովի կղզիներ, որոնք պետք է ապառազմականացված լինեն, հաղորդում է Greek Reporter-ը:
Հենիմաթասը նշել է, որ «Թուրքիային անհրաժեշտ է աշխատել լարվածությունը թուլացնելու եւ վստահությունն ամրապնդելու ուղղությամբ»: Նրա խոսքերով՝ Անկարայի նկատողությունները չեն համապատասխանում փոխհարաբերությունների մակարդակին, որը Հունաստանը, որպես ժողովրդավարական եւ եվրոպական երկիր, ցանկանում է հաստատել Թուրքիայի հետ: