Մամուլի ազատության ինդեքսով Ադրբեջանն աշխարհում վերջից 15-րդն է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ամենամյա Մամուլի ազատության ինդեքսում, որտեղ Հայաստանը 61-րդ տեղում է հայտնվել, Ադրբեջանը զբաղեցրել է 166-րդ հորիզոնականը 180 երկրից կամ որ նույնն է՝ վերջից 15-րդ տեղը։ Այս մասին հայտնի է դառնում կազմակերպության հրապարակած աղյուսակից։
Հարևան երկիրն ավելի վատ տեղում է, քան մամուլի դեմ լայնամասշտաբ գործողություններով հայտնի Թուրքիան, ավելի վատ դիրքում է, քան արաբական միապետությունները և նույն «քաշային կարգում է» բռնապետական համարվող մի քանի երկրների հետ։ Ավելին, նախորդ տարվա համեմատ, Ադրբեջանը ավելի հետ է գնացել՝ 3 աստիճանով իջնելով ցուցակում։
Սրա պատճառները նրանք են, որ երկրում մի քանիսն են այն լրատվամիջոցները, որոնց կարելի է համարել անկախ․ մինչ այս նման լրատվամիջոցների մեծ մասը փակվել է, դրանց աշխատակիցները հետապնդումների են ենթարկվել, կալանավորվել կամ վտարվել։
Հայաստանը, հիշեցնենք, ամբողջ 19 կետով բարելավել է իր դիրքն աղյուսակում և այժմ 61-րդ տեղում է, ու այս արդյունքով առաջ է Հունաստանից, Իսրայելից, Ճապոնիայից և այլն։
Հիշեցնենք` Հայաստանը խոսքի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը՝ զիջելով Վրաստանին, որը հայտնվել է 60-րդ տեղում: Թուրքիան հայտնվել է 157-րդ, Ադրբեջանը՝ 166-րդ տեղում:
Խոսքի ազատության ցուցանիշով ԱՄՆ-ն ցանկում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը, իսկ Ռուսաստանը՝ 149-րդ: Ցանկը եզրափակում են Հյուսիսային Կորեան (179-րդ հորիզոնական) և Թուրքմենստանը (180-րդ հորիզոնական):