ԱՄՆ-ում իրենց 12 երեխաներին անազատության մեջ պահած ամուսինները ցմահ ազատազրկման են դատապարտվել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչներ Դևիդ և Լուիզ Տուրպինները, որոնք իրենց մեղավոր են ճանաչել տարիներ շարունակ իրենց 12 երեխաներին տանը շղթայակապ պահելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար, դատարանի կողմից ցմահ ազատազրկման են դատապարտվել:
Ինչպես նշում է The Guardian-ը, միևնույն ժամանակ դատարանը նրանց իրավունք է տվել 25 տարի հետո դիմել ներում ստանալու խնդրանքով:
Նշվում է, որ ապրիլի 19-ին կայացած դատավարության ժամանակ բազմազավակ մայրն արտասվել է ու ներողություն խնդրել երեխաներին ցավեցնելու համար:
«Ներողություն եմ խնդրում երեխաներիս ցավեցնելու, վնասելու համար: Ես նրանց այնքան շատ եմ սիրում և միայն ամենալավն էի ցանկանում նրանց»,-ասել է կինը:
Մինչդեռ նրա ամուսինը փորձել է հնարավորինս կարճ խոսել՝ ասելով, որ միայն լավ նպատակներ է ունեցել: