Մինասի «Գիշեր» նկարը ոչնչացումից փրկելու համար դրամահավաք է նախաձեռնվել
Մինասի ընտանիքի և ընկերների անունից ստեղծվել է ֆոնդերի հավաքագրման էջը Indiegogo.com հարթակում։ Հայտարարության մեջ նշված է, որ Մինասի «Գիշեր» որմնանկարը գտնվում է ոչնչացման եզրին և օր առաջ պետք է փրկել այն։
«Ֆինանսական ներդրումներն են հարկավոր նկարը փրկելու համար, իսկ այսօր ՀՀ կառավարությունը չի կարողանում տրամադրել անհրաժեշտ գումարը։ Դիմում ենք յուրաքանչյուրիդ աջակցությանը։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր մշակութային արժեքներից մեկը ոչնչանա։ Ցանկացած չափի նվիրատվություն կարող է օգտակար լինել, անգամ $1-ը։
1988 թ. երկրաշարժից հետո անհեթեթ կերպով Մինասի «Գիշեր» որմնանկարի վերևի հատվածը մասամբ կորսվեց, մնաց ներքևի աստղազարդ երկինքը: Տարիների ընթացքում դա էլ անբարենպաստ պայմաններից սկսեց վնասվել ու այսօր այն կանգնած է ոչնչացման եզրին: Այս պահի դրությամբ նկարի 52-55%-ն է մնացել և այն գտնվում է Գյումրու նախկին գործարաններից մեկի շենքում։ Եվ սա վերջին, ամենավերջին հնարավորությունն է փրկել որմնանկարը ոչնչացումից, և թույլ չտալ սիրելի Մինասի՝ վերջին չփրկված որմնանկարը վերածվի շինարարական աղբի։
Մինասի որմնանկարները, այդ թվում նաև «Գիշերը», հանդիսանում են պետական հուշարձաններ, և պետք է պահպանվեն պետության կողմից, բայց այսօր պետության անելիքները շատ են ու նրա ձեռքերը դեռ չեն հասնում Գիշերին, իսկ մինչև հասնեն, գուցե արդեն շատ ուշ լինի:
Այսօր, մեր մշակութային արժեքներից մեկը, «Գիշերը» վտանգված է ոչնչացման և պահանջում է անհապաղ միջամտություն։ Մինասի հիմնդրամը, ընտանիքը և ընկերները նախաձեռնել են ֆոնդերի հավաքագրման այս էջը և ակնկալում են յուրաքանչյուրիդ մասնակցությունը, աջակցությունը և ձեռք մեկնումը մեր մշակութային արժեքի փրկման գործում։ Ցանկացած չափի նվիրատվություն օգտակար է, անգամ $1-ը, և մենք վստահ ենք, որ միասնական ուժով կարող ենք այս կարևոր խնդրին լուծում գտնել։ Խնդրում ենք նաև կիսվել այս նախաձեռնության մասին ձեր սոցիալական մեդիայի էջերում և խրախուսել ձեր ընկերներին մասնակցել այս կարևոր գործին։
Մինասի ընտանիքը, հանձինս Մինասի որդի՝ Արման Ավետիսյանի, պատասխանատու կլինի նվիրատվությունների ստացման, ղեկավարման և հանրային հաշվետվության գործում։
Մինասի «Գիշերը» նկարի վերականգնման համար հարկավոր է ընդհանուր $26,765: Ֆոնդերի հավաքագրման այս արշավի շրջանակներում հույս ունենք հավաքագրել $10,000-ը, իսկ մնացածը կփորձենք գտնել այլ պետական և մասնավոր աղբյուրներից»,- մասնավորապես գրված է հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնել էինք` Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնման համար դրամահավաք կսկսվի:
Նկարչի որդին ահազանգել էր, որ Մինաս Ավետիսյանի «Ցերեկ» որմնանկարն այլևս հնարավոր չէ փրկել, իսկ «Գիշեր»-ը ոչնչացման եզրին է: