Հրապարակվել են հայ մարշալների հազվադեպ անձնական լուսանկարներ Մեծ հայրենականից
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կայքում հրապարակել է Մեծ հայրենականի խորհրդային մարշալների եւ գեներալների հազվադեպ անձնական լուսանկարներ, որոնց մեջ կան հայ մարշալների լուսանկարները։
Մասնավորապես, պաշտպանության նախարարության հոդվածում՝ «Հաղթանակի զորավարները. ճակատագրի խաղաղ ակնթարթներ» վերնագրով, հրապարակվել են զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի եւ Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Իվան Քրիստափորի Բաղրամյանի լուսանկարները։
«Համազասպ Խաչատուրովիչը շատ էր սիրում իր ընտանիքը՝ կնոջը՝ Արգունյա Արշակովնային եւ երեք երեխաներին. որդուն՝ Վիկտորին, աղջիկներին՝ Լարիսային ու Իզաբելային։ Նաեւ չորս թոռ ուներ՝ Անահիտը, Յուլյան, Իննան եւ Եկատերինան։ 60-ականների լուսանկարներում Բաբաջանյանը պարում է կնոջ հետ։ Ինչպես հիշում են նրա ընկերները, նրանք պարում էին ոգեշնչված եւ գերող։ Նրանց պարից հնարավոր չէր աչք կտրել։ Ինչպես ասել է բանաստեղծը. «Եվ սպիտակ վալսով սպիտակ սյուների մոտ թեւածում է միայնակ ճերմակ զույգը...»,- նշվում է հոդվածում, մարշալ Բաբաջանյանի լուսանկարի տակ։
«Իհարկե, քիչ բան չենք ապրել,- գրել է Հովհաննես Քրիստափորովիչը այն բանից հետո, երբ 80-ամյակի առիթով հայրենիքը նրան շնորհեց Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։- Բայց քանի դեռ սիրտս բաբախում է, կցանկանայի ամեն օր, որն ինձ կնվիրի ճակատագիրը, արդյունավետ աշխատել հանուն խորհրդային ժողովրդի, հանուն մեր մեծ տերության հետագա բարգավաճման»,- նշված է մարշալ Բաղրամյանի լուսանկարի տակ, որն արված է մերձմոսկովյան Արխանգելսկյան առողջարանում 70-ական թվականներին։