ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության առաջին պարբերական զեկույցը
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ), որպես պաշտոնական
փաստաթուղթ, ապրիլի 18-ին տարածվել է «Քաղաքացիական և քաղաքական
իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների իրականացման
վերաբերյալ Արցախի Հանրապետության (ԱՀ) առաջին պարբերական զեկույցը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցը
ներառում է 1992-2018 թթ. ընկած ժամանակահատվածում դաշնագրի դրույթների
կատարման վերաբերյալ տեղեկատվություն՝ Արցախում մարդու իրավունքների և
հիմնարար ազատությունների պաշտպանության, քաղաքացիական հասարակության
զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և
արձանագրված ձեռքբերումների մասին:
ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային
դաշնագրին Արցախի Հանրապետությունը միացել է 1992 թ. նոյեմբերի 26-ին՝ ԼՂՀ
Գերագույն խորհրդի նախագահության որոշման հիման վրա:
Զեկույցը պատրաստվել է ԱՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ այլ
գերատեսչությունների հետ համագործակցությամբ, և հաստատվել ԱՀ կառավարության
2018թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ: