Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլարի փոխհատուցում կվճարի (լուսանկար)
Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին շահել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործը։ Ստամբուլի քաղաքապետարանը հայկական եկեղեցուն պատկանող հողատարածքի մի մասն օգտագործել էր ճանապարհ կառուցելիս։
Դատարանի որոշմամբ՝ քաղաքապետարանը 24 մլն 400․000 թուրքական լիրա (շուրջ 4․2 մլն ԱՄՆ դոլար) փոխհատուցում պետք է վճարի հայկական հիմնադրամին։
Գեդիքփաշայի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ և Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամի խորհրդատուների խորհրդի անդամ Հարություն Շանլըի խոսքով՝ իրենք արդեն դատարանի որոշումը հարկադիր կատարելու պահանջ են ներկայացրել։ Շանլըն նշել է, որ փոխհատուցման վճարման գործընթացը երեք – չորս ամիս կտևի։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հիմնադրամը հայկական եկեղեցուն պատկանող հողատարածքների վերաբերյալ ևս մեկ դատական գործ էր շահել։